Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Լևոն Քոչարյանին բերման են ենթարկում. Արխիվային լուսանկար
Քննիչը ՀՀ երկրորդ նախագահի որդուն մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Քոչարյանի փաստաբանական թիմից Ալեքսանդր Կոչուբաևը։
«Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան»,– գրել է պաշտպանը:
Երևանում անհնազանդության ակցիաների 26 մասնակից է կալանավորվել
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։
Սեպտեմբերի 22–ի առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Կարմիրբերետավորներն Ամիրյան փողոցից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։
Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում:
Սեպտեմբերի 23–ին Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ձերբակալվել է 4 կարմիրբերետավորի ծեծելու համար։
Միաժամանակ փաստաբանը Լևոն Քոչարյանին խոշտանգելու փաստով հաղորդում էր ներկայացրել, սակայն փաստաբանական խումբը սեպտեմբերի 24–ին հետ է վերցրել բողոքը, քանի որ այն պետք է քններ դատավոր Մասիս Մելքոնյանը, իսկ վերջինս, փաստաբանների պնդմամբ, ակնհայտ քաղաքականացված դատավոր է։