Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են․ Մյասնիկյան պողոտան փակ է

Բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ։
Sputnik
Վաղ առավոտից քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Այժմ փակ է Մյասնիկյան պողոտան։
Նշենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։
Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։
Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։
Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։