ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի -Sputnik. Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը, իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ պետք է քայլեր ձեռնարկի միջազգային հանրությունը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Առաջին հերթին Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ «գետնի վրա» նրանք ներկայություն ունեն, խաղաղապահներն այնտեղ են ու նրանց օգնությունը միայն բժշկական օգնությունը չէ, նրանք պետք է պաշտպանեն ԼՂ–ում ապրող հայերի անվտանգությունը` նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների գործողություններին, ապա Արմեն Գրիգորյանը նշեց, որ սեպտեմբերի 4-ից սկսած հայկական կողմը ռուս գործընկերներին տեղեկացրել է ադրբեջանական ուժերի կուտակումների մասին։ Անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է գրել այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նկարագրել է ամբողջ իրավիճակը։
Դիտարկմանը, թե ընդդիմությունը հենց ՀՀ իշխանությանն է մեղադրում, որ ՌԴ–ն ոչինչ չի ձեռնարկում, քանի որ Հայաստանը Հռոմի ստատուտ է պատրաստվում վավերացնել, ՆԱՏՕ–ի զորավարժություններ է անում, Կիև այցելում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց.
«Ձեր ասած բոլոր կետերը չկային մինչև 2021 թ–ի դեկտեմբեր, բայց միևնույնն է` ունեցել ենք հարձակում Սոթքի վրա»։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։