ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց բողոքի ակցիայի մասնակցիների նկատմամբ։ Հնչեց երեք պայթյուն, որի արդյունքում կառավարության շենքը շրջակայքը ծխապատվեց։
Քաղաքացիների շրջանում խուճապ սկսվեց, սակայն նրանք շարունակում են մնալ ՀՀ կառավարության շենքի մոտ։
Ոստիկանության այս գործողությանը նախորդել էր իրավապահների և քաղաքացիների միջև քաշքշուկը։
Այս պահին ՀՀ կառավարության շենքի մոտ են նաև ՀՀ ՆԳՆ հատուկջոկատայինները։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական հարձակման հետևանքով կա 25 զոհ, բազմաթիվ վիրավորներ։ Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։