ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Իրանի անվտանգության ուժերն առաջին ահաբեկչական տարրերն են ձերբակալել քրդական նահանգում։ Նրանք մտադիր էին Մահսա Ամինիի մահվան տարելիցին մի շարք դիվերսիաներ և ահաբեկչություններ իրականացնել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Քուրդիստանի (գտնվում է Իրանի արևմուտքում, – խմբ.) նահանգապետի քաղաքական և անվտանգային հարցերով տեղակալ Մեհդի Ռամազանիին։
«Վերջին մի քանի օրում Սենեդեջ և Մարիվան քաղաքներում հակակառավարական ահաբեկչական խմբավորումների մի քանի անդամներ են կալանավորվել, որոնք մի շարք դիվերսիաներ և ահաբեկչություններ էին ծրագրում` այդպիսով խաթարելով Քուրդիստանի գավառի անվտանգությունը», – ասել է Ռամազանին։
Նա նաև նշել է, որ հանցագործների ձերբակալման ժամանակ զենքի և զինամթերքի մի քանի խմբաքանակ է հայտնաբերվել և առգրավվել։
Վերջին օրերին Իրանում անվտանգության և իրավակարգի ուժերը մարտական պատրաստության վիճակում են Մահսա Ամինիի մահվան տարելիցի նախաշեմին, Անցած տարի հանրապետությունում երեք ամիս շարունակ աննախադեպ անկարգություններ և բողոքի ցույցեր էին անցկացվում։
Ամինին մահացել է 2022 թվականի սեպտեմբերի 16-ին բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։
Ցուցարարները Մահսայի մահվան մեջ մեղադրեցին Իրանի կառավարությանը։ Իրանուհիները սոցցանցերում զանգվածաբար սկսեցին տեսանյութեր հրապարակել, որոնցում կտրում էին իրենց մազերն ու այրում հիջաբը։
Իրանի իշխանությունները ցուցարարներին աջակցելու մեջ մեղադրեցին Արևմուտքի երկրներին, որոնք իրենց ԶԼՄ–ներում տարածում էին հակաիրանական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև կոչ էին անում երկրի բնակչությանը տապալել իշխանությունը: Իրավապահ մարմինները զանգվածային ձերբակալություններ էին իրականացնում արևմտյան երկրների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից հավաքագրված անձանց նկատմամբ: