ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կանխել է Իրանի Իսլամական Հանրապետությունից չհայտարարագրված ծխախոտի խոշոր չափաքանակի տեղափոխումը Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Մեղրիի մաքսակետ ժամանած բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ են առաջացել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է` առկա լինի մաքսային հսկողությունից թաքցված մեծ քանակությամբ ծխախոտ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով բեռնատարն ուղեկցվել է Հարավային տերմինալ ՓԲ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ, որտեղ անցկացված հսկողության արդյունքում ցեմենտի պարկերի արանքում հայտնաբերվել է շուրջ 10․000 տուփ ծխախոտ։
2023 թվականի հունվարի 1-ից Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է Ագարակ պետական սահմանի անցման կետով 47 հազար 543 տուփ ծխախոտի ապօրինի տեղափոխման 84 դեպք։
Հարուցվել են վարչական վարույթներ։