Կարո՞ղ է ՀՀ–ն վավերացնել Հռոմի ստատուտն ու չձերբակալել Պուտինին. պատասխանում է Մինասյանը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կարծիքով` ափսոս է Հռոմի ստատուտի տված հնարավորություններից չօգտվելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հռոմի ստատուտի նախագիծը ներկայացվել է շատ ավելի վաղ, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու որոշումը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը`պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է Հայաստանը վավերացնել Հռոմի ստատուտն ու չկատարել Միջազգային իրավական դատարանի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին։
«Ստատուտի վավերականացումը կապված է միայն Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմամբ։ Դա մեր պետական շահին է ուղղված, ուրիշ ոչ մի բանին»,– ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ կոնվենցիան թույլ կտա, օրինակ, Հայաստանի դեմ իրականացված ռազմական հանցագործությունները վեր հանել ու քննել։ Ըստ Մինասյանի` դա շատ լավ պաշտպանողական և քննչական գործիք է, որից չօգտվելն ափսոս է։
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։
Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Երևանի գործողությունները ոչ բարեկամական են. Զախարովան՝ Հռոմի ստատուտի մասին
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։