ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն։
Մասնավորապես պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, Ա.Պ.-ի օժանդակությամբ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբերին ՀՀ մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել են յուրաքանչյուրից 5.200-ական դոլար` «Շենգենյան համաձայնության երկրներ» վերջիններիս մուտքի և գտնվելու թույլտվություն ստանալը կազմակերպելու նպատակով։
«Այնուհետև «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով ներկայացվելիք փաթեթներում ներառել են բանկային շարժի, աշխատավայրի, եկամուտների չափի, մատնահարդարման դասընթացներ անցնելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ ու վկայագիր, որոնք էլ ներկայացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավասու մարմին»,– ասված է հաղորդագրությունում։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում և տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում։ Հայտնաբերվել են անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ, կնիքներ, ձևաթղթեր, սեփականության իրավունքի վկայականներ, աշխատանքի և բանկային շարժի վերաբերյալ տեղեկանքներ, ինչպես նաև տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներից 3-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: