ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Զեյթուն» հանրակացարանը, որը նախատեսված է ՀՀ բոլոր բուհերի ուսանողների համար, այսօր անմխիթար վիճակում է, սակայն շարունակում է սպասարկել ավելի քան 200 ուսանողի։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ ՀՀ պետական բյուջեով նախատեսված է հանրակացարանի վերանորոգումը, որը թույլ կտա այստեղ կեցություն ապահովել կրկնակի շատ` 400 ուսանողի համար։
«Նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, շինարարության մրցույթի փուլ պետք է անցնենք։ 2024 թ. հունվարից արդեն ֆինանսավորումը պլանավորված է։ Մեր ռազմավարությունն է, որպեսզի կրկնապատկենք նաև օտարերկրյա ուսանողների թիվը, այդ պատճառով պետք է տեմպով իրականացնենք Ակադեմիական քաղաքի կառուցումը»,– հայտարարեց նախարարը։
Նա պատասխանում էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի այն հարցին, որ ՀՀ–ում ուսանողների թվի աճին զուգահեռ հանրակացարաններով նրանց ապահովելու խնդիր է առաջացել։
«Դա խնդրահարույց է հատկապես անշարժ գույքի գների թանկացման ֆոնին։ Մինչդեռ ՀՀ որոշ բուհեր չունեն իրենց հանրակացարանները,կամ պատշաճ վիճակում չեն գտնվում դրանք»,– նկատեց պատգամավորը։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ դա իսկապես համակարգային խնդիր է, երկարաժամկետ հատվածում այդ հարցը լուծվելու է Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակում, որով նախատեսված է ամբողջական համալիր թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար։
Նախարարը նաև հայտարարեց, որ ՀՀ–ի բուհերի մանկավարժական բնագիտական ուղղություններով մարզերից եկած ուսանողների համար այս սեպտեմբերի 1–ից ամսական կրթաթոշակը 70 հազար դրամ է դարձել։ Այս գումարը, ըստ նախարարի, հնարավորություն կտա ուսանողներին նաև նման սոցիալական խնդիրներին ուղղել այդ միջոցները։