Երևանից մոտ 150 կմ հեռավորության վրա թաքնված է իսկական դրախտ, անունը` Ուրասար։ Շատ տարիներ առաջ` Եկատերինա կայսրուհու կառավարման օրոք, այն աքսորավայր է եղել ռուսների համար։ Այստեղ աքսորվել են ընտանիքներով, ու այդպես գյուղ է հիմնադրվել։ Ըստ տարբեր վավերագրերի` Ուրասարը հիմնադրվել է 1855 թվականին, սկզբում կոչվել Նովո Պակրովկա, ապա Կույբիշև (մինչև 1991թ-ն), հետո վերանվանվել Ուրասար։
Ուրասար
© Sputnik / Aram Nersesyan
Այս գյուղում զբոսաշրջային հոսքը սկսվում է հունիսի կեսերից ու շարունակվում մինչև հուլիսի վերջ, երբ ծաղկած է լինում հայտնի ջրաշուշանների լիճը։ Այն տեսնելու համար գալիս են Հայաստանի ամենահեռավոր անկյուններից անգամ։ Sputnik Արմենիայի թիմն էլ, ինչ խոսք, ճանապարհ ընկավ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանների հմայքը վայելելու։ Լիճը հեքիաթային գեղեցկություն ուներ։ Հատկապես թռչնի թռիչքի բարձրությունից։
Ջրաշուշաններ, սակայն, այդպես էլ չտեսանք։ Ասացին` շատ չէ, մի քանի օր ենք ուշացել։ Որոշեցինք եկող տարի էլ գալ Ուրասար, որ տեսնենք ծաղկած ջրաշուշանները, իսկ այս անգամ առիթը բաց չթողեցինք գյուղում շրջելու, ներկայի ու ծրագրերի մասին խոսելու համար։
Ուրասար
© Sputnik / Aram Nersesyan
Ուրասարը փոխվում է
Գյուղն այսօր փաստացի մոտ 300 բնակիչ ունի։ Դպրոցում 45 աշակերտ կա, այս տարի առաջին դասարան 4 երեխա է գնացել։ Վարչական ղեկավար Գևորգ Մանուկյանն ասում է` մի քանի տարի անց այս ցուցանիշը բազմապատկված կլինի։ Միայն այս տարի արդեն 13 երեխա է լույս աշխարհ եկել։ Ուրասարի համար սա «բեյբի բում» է, Մանուկյանը դա պայմանավորում է գյուղի ապագայի հանդեպ հավատով։
Ուրասար
© Sputnik / Aram Nersesyan
Գյուղը գազիֆիկացվում է (նախկինում երբևէ գազ չի եղել), ճանապարհներն ասֆալտապատվում են, մանկապարտեզ կգործի 3 տասնամյակի դադարից հետո, մշակույթի պալատն է վերանորոգվում, որտեղ խմբակներ կգործեն, կից նաև նոր սպորտդահլիճ է կառուցվում։ Միջազգային երկու տարբեր կազմակերպություններ էլ ակտիվ անտառատնկման աշխատանքներով են զբաղված, սարերից մեկի վրա ծառերն այնպես են տնկել, որ մի քանի տարի հետո անգամ տիեզերքից նայելիս սարի վրա մարդու թոքեր ուրվագծվեն։ Հաջորդ տարվա ծրագրում էլ ջրագծի վերանորոգումն է։
«Հավակնոտ ծրագրեր ունենք. վճարովի որսատեղի ենք հիմնում, որտեղ փասիաններ են որսալու։ Նման բան Հայաստանում քիչ տեղերում կա, հիմա փաստաթղթային հարցերով ենք զբաղված»,– ասում է վարչական ղեկավարը։
Թեև զբոսաշրջիկներ շատ են գալիս գյուղ, բայց կանգ չեն առնում, որովհետև գիշերակացի հնարավորություն չկա։ Վարչական ղեկավարն ասում է` արդեն այս հարցով էլ են զբաղվում, 1-2 տարվա մեջ և՛ հյուրատներ կկառուցվեն, և՛ ռեստորան։
Ուրասարի տներից մեկը
© Sputnik / Aram Nersesyan
«Մարդիկ գալիս են, ձեզ նման սիրահարված գնում ու վերադառնում»,– ասում է Գևորգ Մանուկյանը։
Լիճը` կանաչ լույս
Ջրաշուշաններ այս լճում միշտ են եղել։ Վարչական ղեկավարն ասում է` հիմա ավելի շատ են, քան տարիներ առաջ։
«Այստեղ ապրում են վայրի սազաններ, կարասներ, ասում են` շատ տարիների առաջ ջրասուզակներ են ուսումնասիրել ջրի հատակն ու հսկայական չափերի սազաններ տեսել»,– պատմում է Մանուկյանը։
Վարչական ղեկավարի խոսքով` գյուղացիները միայն մի քանի տարի առաջ են իմացել, որ կարմիրգրքյան հարստություն ունեն։ Հիմա հատուկ հոգածությամբ են վերաբերվում լճին ու ջրաշուշաններին, գյուղ եկող հյուրերին էլ են զգուշացնում, որ հանկարծ չվնասեն ջրաշուշանները։
«Հիմա լավ են հասկանում, որ ջրաշուշանների այս լիճը մեր գյուղի համար կանաչ լույս է տուրիզմը զարգացնելու համար»,– նշում է վարչական ղեկավարը։
Ջրաշուշանների լիճը թռչնի թռիչքի բարձրությունից
© Sputnik / Aram Nersesyan
Գյուղի եկեղեցին
Գյուղի կենտրոնում Սուրբ Աստվածածնի գոտու եկեղեցին է, կառուցվել է 1901 թվականին` որպես ռուսական ուղղափառ եկեղեցի աքսորյալների համար։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես կինոդիտման սրահ ու անգամ որպես պահեստ։ 1989թ.–ին այն իր սկզբնական նշանակությանն է վերադարձվել։ Քանի որ տարիների ընթացքում ռուս բնակիչները գնացին, գյուղը գրեթե 100 տոկոսով հայաբնակ դարձավ (հիմա 4-5 ռուս տարեցներ են մնացել), տարիներ առաջ եկեղեցին փոխանցվեց Մայր Աթոռին ու վերաօծվեց։
Եկեղեցու բանալիները պահվում են տիկին Ցողիկի մոտ, որը պատրաստակամորեն օրվա ցանկացած ժամի գալիս, եկեղեցու դռները բացում է այցելուների առջև, շտապում իր կյանքում եկեղեցու հետ կապված հրաշքների ու տեսիլքների մասին պատմել։
Ցողիկ տատը
© Sputnik / Aram Nersesyan
«Տեսեք` խաչը չենք փոխել հարգանքից ելնելով»,– եկեղեցու դռան վերևում ուղղափառ խաչը մատնանշելով` ասում է Ցողիկ տատը։
Ուրասարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը
© Sputnik / Aram Nersesyan
Պատին էլ փակցված են 1885-1907թթ. եկեղեցու քահանաների ու սաղմոսերգուների անունները։ Պատմության ամեն պատառիկի այստեղ խնամքով են մոտենում։
Աշխարհի ամենալավ գյուղը
Ուրասարը ծերացող գյուղ չէ, ի տարբերություն շատ այլ գյուղերի` այստեղ ամեն քայլափոխի երիտասարդի ես հանդիպում։
Օգոստոսի կեսերից սկսվում է խոտհունձը։ Արմենն ու Գևորգն արթնանում են վաղ առավոտյան ու գործի անցնում։ Խոտն արդեն հնձել են, հակերը կապել, հիմա հավաքում են, որ վաճառքի փուլին անցնեն։ 1 հակի արժեքը մոտ 500 դրամ է։
Արմենն ու Գևորգը խոտհունձի շրջանում
© Sputnik / Aram Nersesyan
«Չեմ դժգոհում։ Ամուսնացած չեմ, որովհետև չեմ հանդիպել այն մեկին, թե չէ` կին էլ կպահեմ, երեխա էլ կպահեմ»,– ասում է 33-ամյա Արմենն ու շտապում ինձ գյուղի բարիքներից հյուրասիրել` էկո սալոր։
Արմենը
© Sputnik / Aram Nersesyan
Ուրասարում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, մշակում ցորեն ու կարտոֆիլ։ Աշխատող մարդու համար այստեղ անելիք շատ կա։
Գևորգը
© Sputnik / Aram Nersesyan
«Ինձ համար իմ ծննդավայրն ամենալավ տեղն է։ Հետո, տեսնում եք բնությունը. այստեղ կարելի է տուրիզմը զարգացնել։ Սեզոնին օրական կարող է մի 400 հոգի գալ։ Խելացի մարդն իր տունն է շենացնում, մյուսներն էլ գնում են արտագնա աշխատանքի»,– գյուղի մասին ոգևորությամբ պատմում է Արմենը։
26-ամյա Էրիկն էլ աշխատում է գյուղի ՀԷԿ–ում, իսկ այս օրերին արձակուրդում է ու խոտհունձով է զբաղվում։ Քանի որ տեխնիկա ունի, նաև համագյուղացիների համար է գործ անում։ Ասում է` այս սեզոնին մի 20 օրում սեփական տեխնիկայով կարող ես միջինը 300-400 հազար գումար աշխատել։ Վատ չէ։
Էրիկը
© Sputnik / Aram Nersesyan
«Տարին հաջող չէր, երկու-երեք ամիս ամեն օր անձրև եկավ, ո՛չ ցորեն կա, ո՛չ կարտոֆիլ, ծախս արեցինք, դուրս չի գալիս։ Ոռոգում չունենք, երկնքի հույսին ենք»,– ասում է Էրիկն ու շտապում նորից լավի մասին խոսել։
Գյուղում վերջին շրջանում շարժ կա։ Ուրասարը զարգանում է։ Անգամ տարիներով փակ տներ կային, որ վաճառվել են, նշանակում է` մարդիկ իրենց ապագան գյուղի հետ են կապում։