ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ–ի շենքի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գլխավոր դատախազությունը 2022 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության` 2001 թ. հուլիսի 3-ին և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թ. նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները:
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, 2023 թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության և ԱՕԿՍ-ի շենքի սեփականատերերի միջև կնքվել է հաշտության համաձայնություն:
«Դատարանի կողմից հաշտության համաձայնությունը հաստատվելուց հետո Աբովյան 3 հասցեում գտնվող, 526.9 քմ շենքի և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հայց հարուցելու հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության մինիստրների սովետի 1955 թ. նոյեմբերի 24-ի թիվ 699 կարգադրությամբ՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի՝ «ԱՕԿՍ»–ի հաշվեկշռին, հանձնվել էր գույք, այդ թվում՝ Աբովյան 3 հասցեի շենքը:
Հետագայում` 1992 թ. հուլիսի 30-ին, ստեղծվել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» կազմակերպությունը, որն առանց օրինական հիմքերի, հանդես է եկել որպես արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի իրավահաջորդ և 2001 թ., ներկայացնելով իր ստեղծումից շուրջ 37 տարի առաջ ընդունված վերոհիշյալ կարգադրությունը, ստացել էր ԱՕԿՍ-ի շենքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Նշենք, որ հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքը ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում:
ՀՀ սեփականությունը հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ապօրինի մասնավորեցման վերաբերյալ քննվող այս քրեական վարույթով նախաքննությունը Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է: