ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման դեպքեր է հայտնաբերել Բագրատաշենի մաքսակետում «Wildberries» ընկերության կողմից իրականացված բեռնափոխադրումների ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն։
Մասնավորապես հայտնաբերվել են ներմուծման ժամանակ ապրանքների թերհայտարարագրումներ, իսկ արտահանման ժամանակ` ապրանքների ավել հայտարարագրումներ։
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կողմից օգոստոս ամսին իրականացված ներմուծումների ժամանակ ձևակերպված երկու տարանցման հայտարարագրերում սխալ է հայտարարագրվել ապրանքների փաստացի քաշը։ Մասնավորապես, մի դեպքում բեռի փաստաթղթերով ձևակերպված քաշը պակաս է ցույց տրվել բեռի իրական քաշից մոտ 2 տոննայով, իսկ մեկ այլ դեպքում՝ մոտ 2,6 տոննայով»,– նշված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ձևակերպված բեռներն ուղարկվել են մաքսային պահեստ՝ հետագա հսկողական աշխատանքներն իրականացնելու նպատակով։
Պարզվել է նաև, որ ընկերության կողմից հուլիս ամսին ձևակերպված տարանցման հայտարարագրով արտահանվող ապրանքների տվյալները (քաշը, գինը) չեն համապատասխանել տարանցման հայտարարագրին կցված փաստաթղթերով ներմուծված ապրանքների տվյալներին։
Այսինքն, նախկինում ներմուծված, այնուհետև հետ արտահանվող ապրանքների ընդհանուր արժեքը մոտ 7–8 անգամ գերազանցում է իրական արժեքը։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։