ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել: Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստից հետո իր ժողովրդին ուղղված ուղերձում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք համապարփակ և արդյունավետ հանդիպում ենք ունեցել պարոն Պուտինի հետ Սոչիում։ Վստահ եմ, որ ամբողջ աշխարհը գնահատել է այդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են առաջին հերթին հացահատիկի գործարքը և հումանիտար մի շարք այլ խնդիրներ»,– հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք` այսօրՍոչիում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մի քանի շաբաթից կսկսի անվճար հացահատիկ մատակարարել Աֆրիկայի վեց երկրի: Էրդողանը նշել է, որ Անկարան պատրաստ է աջակցել ռուսական հացահատիկի վերամշակմանը՝ հետագայում կարիքավոր երկրներ ուղարկելու համար, և հույս ունի, որ աֆրիկյան երկրներին պարենի առաքման ուղղությամբ կիրականացվեն համատեղ քայլեր: