ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. ԱԴԾ-ն մեղադրանք է ներկայացրել Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից, Ռուսաստանի քաղաքացի Ռոբերտ Շոնովին ԱՄՆ-ի համար հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին տվյալներ հավաքելու համար: Տեղեկությունըհայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնին։
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան տեղեկատուի, Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակցի և Ռուսաստանի քաղաքացի Շոնով Ռոբերտ Ռոբերտովիչի հակաիրավական գործունեությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275.1 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու համար (գաղտնի հիմունքներով համագործակցություն օտարերկրյա պետության հետ)», - նշված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ-ի տվյալներով՝ «2022 թվականի սեպտեմբերից մինչև ձերբակալման պահը Շոնովը նյութական վարձատրության դիմաց կատարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակիցներ Ջեֆրի Սիլինի և Դեյվիդ Բերնշտեյնի հանձնարարությունները՝ տեղեկություններ հավաքելով հատուկ ռազմական գործողության ընթացքի, Ռուսաստանի մարզերում մոբիլիզացիոն գործընթացների, խնդրահարույց կետերի մասին և գնահատելով դրանց ազդեցությունը բնակչության բողոքային ակտիվության վրա 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների նախաշեմին»։
Հատուկ ծառայությունները նշել են, որ պատրաստվում են հարցաքննել այդ դիվանագետներին։ «Նախատեսվում է իրականացնել նշված ամերիկացի դիվանագետների հարցաքննությունները, ինչի կապակցությամբ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հասցեին համապատասխան ծանուցագրեր են ուղարկվել», - հայտնել են ԱԴԾ-ից: Քրեական գործի քննության շրջանակում ԱԴԾ-ն իրականացնում է քննչական գործողություններ՝ ուղղված ռուսաստանցու հակաիրավական գործունեության բոլոր հանգամանքների բացահայտմանը։