Ավտովթարի հետևանքով 3 անչափահասների մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարում հայտնաբերվել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և երեք անչափահասների դիերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել Նոր Ուղի բնակավայրի ջրատար ավտոմեքենա ընկնելու հետևանքով երեք անչափահասների մահվան դեպքի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԽԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 14:08-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի Նոր Ուղի բնակավայրի ջրատար ավտոմեքենա է ընկել։

«Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի 15-ամյա բնակիչը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը: Դրա հետևանքով պատանին, ինչպես նաև նրա 15 և 13-ամյա ուղևորները, երկուսն էլ նույն բնակավայրից, մահացել են»,-հայտնում են ՔԿ-ից։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցները հարբած (ոչ սթափ), տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) 3-րդ մասով և նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարված դեպքի վայրի զննությամբ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարում հայտնաբերվել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և երեք անչափահասների դիերը։
Ավտոմեքենայում այլ ուղևոր եղած լինելու վերաբերյալ տվյալներ առկա չեն։ Նախաքննությունը շարունակվում է: