Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություն դեռ չկա. Հաջիզադե

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն ասել է, որ գործընթացը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություններ դեռ չկան։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Գործընթացը շարունակվում է։ Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս հարցին անդրադարձել է օգոստոսի 24-ին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և մշակութային դաշնային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հաջորդ հանդիպումների մասին տեղեկություններ դեռ չկան»,–ասել է նա։
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հուլիսի 25-ին Մոսկվայում` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնած եռակողմ հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը քննարկվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Չեմ կարծում, որ ԱՄՆ–ն ուզում է ԼՂ–ում Բաքվի կողմից էթնիկ զտումների մաս լինել. Միրզոյան
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 27-29-ը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։