Ալավերդիում հացկերույթն ավարտվել է դանակահարությամբ. 46-ամյա քաղաքացին մահացել է

Նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած 61-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հացկերույթի ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ 46–ամյա քաղաքացուն դանակահարել են, որն էլ նրա մահվան պատճառ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«2023 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 14:15-ին, «Ալավերդի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող երկու վերքեր» ախտորոշմամբ Ալավերդի քաղաքի Սանահին - Սարահարթ թաղամասի ճոպանուղու մոտակայքից շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել նույն քաղաքի 46-ամյա բնակիչը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժածը նշված վնասվածքները ստացել է իր ծանոթի տանը հացկերույթի ժամանակ։ 61-ամյա համաքաղաքացին վիճաբանության ընթացքում իր մոտ եղած դանակով չորս անգամ հարվածել է 46-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և դիմել է փախուստի։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (սպանության փորձ), որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նույն օրը՝ ժամը 15:43-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հիշյալ տղամարդը մահացել է:
Երևանի Կողբացու փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: 61-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։