ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է՝ Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխեն ՌԴ խաղաղապահները։ Ինչպես հայտնում է «Արցախպրես» գործակալությունը, այս մասին ասել է Հելենի եղբայրը` Նվեր Ստեփանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավտովթարի զոհ դարձած աղջկա մայրը` Ալվարդ Սաֆարյանը, և հարազատները Արցախում հավաքվել են Կարմիր խաչի գրասենյակի մոտ և պահանջում են աղջկա դին վերադարձնել հայրենիք։ Հելեն Դադայանը Արցախից էր` Ճարտար գյուղից։ Նա Հայաստան էր եկել սովորելու նպատակով։
«Արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Մեր հարցին այդպես էլ չի պատասխանել գրասենյակի ղեկավարը։ Թողել և հեռացել է։ ԿԽՄԿ-ն այս պահին փաստորեն սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Մեզ է միացել նաև պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու առաջարկել դիմել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովին։ Օդանավակայանում հանդիպել ենք Լենցովին։ Նա ասել է՝ սպասենք։ Եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է բանակցեն, որպեսզի ծնողները գնան ու մասնակցեն հուղարկավորությանը»,-«Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Նվեր Ստեփանյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Մահացածերից մեկը արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը, այդ հարցում օգնելու համար դիմել է Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին։