Փաշինյանը ԶՊՄԿ-ի ղեկավարության հետ քննարկել է մետաղաձուլարանի կառուցման հարցը

Փաշինյանն այցելել է տարբեր գործարաններ, կրթական համալիրներ ու զրուցել քաղաքացիների հետ։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այսօր այցելել է նաև Մեղրի ու Քաջարան քաղաքներ։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել։
Վարչապետը ծանոթացել է Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:
Նա այցելել է Մեղրիի մանկապարտեզ, որը հիմնանորոգվել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Տնօրենի ուղեկցությամբ մանկապարտեզին ծանոթանալուց հետո նա նկատել է, որ շենքում շոգ է և հանձնարարել մանկապարտեզում հովացման համակարգ ներդնել։
Փաշինյանը տեղում պարզել է, որ մանկապարտեզի շենքը հին է և գտնվում է ճահճային շերտի վրա։
«Իսկ կարո՞ղ է մի հատ նոր շենք սարքենք, պրծնե՛նք։ Մի հատ նորմալ տարածք հատկացրեք, կառուցենք նոր շենք»,– ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական կենտրոն։ Ինչպես նաև Վանք-Կալերի գյուղ տանող կամուրջ։ Այստեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք կավարտվեն սեպտեմբերին:
Քաջարանում Փաշինյանը այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»։ Նա կոմբինատի ղեկավարների հետ քննարկել է ռազմավարական զարգացման և արդյունավետության բարձրացման ծրագրերը, որոնք վերաբերում են մետաղաձուլարանի կառուցմանը, նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական ստանդարտների բարձրացմանը, հարակից համայնքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությանը և այլն:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ է մեկնել երեկ Երևան-Կապան ավիաչվերթով։ Նա մասնակցել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի` 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը, այնուհետև այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր նաև Ագարակ քաղաք։