Գերմանիան 12 մլն եվրո կտրամադրի Հայաստանին

Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ստորագրվել է 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր
Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ՀՀ-ին կտրամադրվի 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նշվում է, որ երեկ՝ օգոստոսի 16-ին Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրվել է 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։
«Համաձայնագրով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար»,- ասված է հաղորդագրությունում։
Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։
Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն։
Վահան Քերոբյանը շրջել է Ուզբեկստանի «Չիրչիկ» քիմիական-արդյունաբերական պարկում