Անտառային հրդեհներ ԱՄՆ Հավայի նահանգում. զոհերի ռեկորդային թիվ է գրանցվել

Հավայիի նահանգապետի խոսքով` զոհերի թիվն աճելու է։
Sputnik
ԱՄՆ Հավայի նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել 93 մարդ, ինչը ռեկորդային թիվ է։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը` հղում անելով Հավայիի նահանգապետին։
Նահանգապետ Ջոշ Գրինի խոսքով` զոհերի թիվն աճելու է, և իշխանություններն ուզում են մարդկանց նախապատրաստել դրան։

Հեռուստաալիքը նշում է, որ մինչև 93 զոհի հանգեցրած շարունակական անտառային հրդեհները Հավայիում ԱՄՆ ժամանակակից պատմության ընթացքում պաշտոնապես ամենամահաբերն են դառնում։

Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվեցին չոր և շոգ եղանակի պատճառով և տարածվեցին «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամիների հետևանքով։ Հրդեհի որոշ օջախներ 400 հա–ի են հասնում։ Կրակը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի Լահայնա քաղաքը։ Հարյուրավոր մարդիկ են տարհանվել։
Նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Հավայիում դաշնային ենթակայության բոլոր կառույցներին, այդ թվում` ռազմական, միանալ հրդեհների դեմ պայքարին։