«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»․ այս խորագրով այսօր Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը։
«Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնի մասնակիցներ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Փառատոնի շրջանակում ելույթ ունեցան խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից և Հայաստանի մասնագիտացված մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ կրթահամալիրներից։
Փառատոնի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք շուրջ 4 տարի որպես կամավորներ աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը։ Այնտեղ հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը և մանկատան երեխաներին ազգային, հոգևոր երգ-երաժշտություն և կավագործություն են սովորեցնում։
27–ամյա Դավիթ Զաքարյանի համար բեմը նոր չէր․ նա անցած տարի էլ էր մասնակցել փառատոնին։
««Ճախրուկի» շնորհիվ եմ երգել ու նվագել սովորել։ Սա նաև հնարավորություն տվեց Գյումրի գալու ու մի քիչ զբոսնելու»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Թամարա Թավրիզյանն ու Համլետ Այվազյանն էլ «Ճախրուկի» շնորհիվ կավագործություն են սովորել ու հիմա իրենց գիտելիքները փոխանցում են մյուսներին. երկուսով վարում են Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի կավագործության խմբակը։
Այսօր նրանց սաները` Նարեկը, Գարիկն ու Գոռը, իրենց պատրաստած ամանները նվիրեցին փառատոնի հյուրերին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
Թամարա Թավրիզյանն ու Համլետ Այվազյանը իրենց սաների հետ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Նշենք, որ «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը 3-րդ անգամ էր անցկացվում, առաջինը կազմակերպվել էր Վանաձորում, 2-րդը` Սաղմոսավանքի բակում։