ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի նախկին տնօրեն Վահե Գուլանյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի վերաքննիչ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից։
Գուլանյանի նկատմամբ 2023–ի հունիսի 29-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել պաշտոնավարման ընթացքում յուրացումների, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար:
Վահե Գուլանյանը 2016-2017 թվականների ընթացքում ՊՈԱԿ-ի և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, ակտ, ինչպես նաև օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից կատարել է 3 մլն 683 հազար դրամի հափշտակություն:
«Բացի այդ, ՊՈԱԿ-ի և «Կարեն Աղաբաբյան Էռնեստի» Ա/Ձ-ի միջև 2017 թվականի հուլիսի 11-ին կնքված գնման պայմանագրի շրջանակներում, նա մի խումբ անձանց օժանդակությամբ վատնման եղանակով ՊՈԱԿ-ից հափշտակել է 3 մլն դրամ»,– ասված է հաղորդագրությունում։
Վերը նշվածից բացի, Վահե Գուլանյանը ՊՈԱԿ-ի և բնապահպանության նախարարության միջև 2017 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված`պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի շրջանակում կազմել է կեղծ հաշվետվություններ և խարդախությամբ հափշտակել 20 մլն 969 հազար դրամ, այնուհետև իրականացրել հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: