Եկեղեցին միշտ լինելու է Արցախի կողքին․ Գարեգին Բ և Արամ Ա

Վեհափառ հայրերը հեռախոսազրույց են ունեցել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ հեռախոսազրույցում իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։
«Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել»-նշվում է տարածված հաղորդագրությունում:
Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար:
Հիշեցնենք` Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց հուլիսի 29-ին։
Օգոստոսի 7-ին այդ պաշտոնում ընտրվեց ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
Ինչպես գիտենք, Արցախում ծանր իրավիճակ է. 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։