ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում դիմակավորված և զինված ավազակային հարձակում իրականացրած 3 անձինք կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ավազակային հարձակումը կազմակերպել և կատարել են 1994թ. ծնված Գյումրիի բնակիչ Ա.Գ.-ն, 1983թ. ծնված Սևան քաղաքի բնակիչ Հ.Ղ.-ն և 1980թ. ծնված ՌԴ քաղաքացի Ա.Ու.-ն։ Վերջիններս հայտնաբերվել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող խանութներից մեկում, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 6-ին որոշումներ են կայացվել Հ.Ղ.-ի և ՌԴ քաղաքացի Ա.Ու.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա. Գ.-ի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (ավազակությանը հանցակցելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և նրանց ներկայացվել է մեղադրանք:
«Դատարանի համապատասխան որոշմամբ խուզարկություն է իրականացվել նշված անձանց փաստացի բնակության վայրում, որտեղից, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել են հափշտակության առարկա հանդիսացող իրերը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին` նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին, ժամը 04.32-ին, ոստիկանություն էր ահազանգել ռեստորանային համալիրի պահակը և հայտնել ավազակային հարձակման մասին։
Ոստիկանները պարզել էին, որ անհայտ անձինք կպչուն ժապավենով կապել են պահակի ձեռքերն ու ոտքերը և զենքի սպառնալիքով սրահից հափշտակել գանձատուփը և խմիչք: