Ես ուրախ չեմ պաշտպանելու Սերգո Կարապետյանին, բայց իրականությունը դա է. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ դատական քննությունն ապացուցել է, որ մրցույթը շահել է լավագույն գին առաջարկած ընկերությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց «դիզելային» գործի շրջանակում և հայտարարեց, որ ուրախ չէ պաշտպանել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին (մահացել է 2021թ–ին կորոնավիրուսից), որն իրեն զրպարտել է, սակայն նա դիզվառելիքի մատակարարման մրցույթում ճիշտ ընտրություն է կատարել։
«Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետև դատաքննության ողջ ընթացքը հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել, և եթե նա այդպիսի որոշում չկայացներ, պատասխանատվություն կկրեր այն ժամանակ։ Շատ պարզ բան է տեղի ունեցել. այդ ծրագիրը կարող էին ներկայացնել երկու ընկերություններ, և նա ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել։ Ես ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, որը զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է»,–ասաց Սարգսյանը։
Հարցին, թե ինչ հարաբերություններ է Սարգսյանն ունեցել Սերգո Կարապետյանի հետ, երբ նա եղել է գյուղատնտեսության նախարար, Սարգսյանը նշեց` զուտ աշխատանքային։
Մեղադրող կողմին հետաքրքրեց նաև, թե ինչու է Կարապետյանը ցուցմունք տվել Սարգսյանի դեմ, եթե նրանք աշխատանքային հարաբերություններ են ունեցել (Կարապետյանը պնդել է, որ Սարգսյանն իրեն հրահանգել է մրցույթում նախապատվությունը տալ «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին), նախկին նախագահը նշեց, որ չի ցանկանում ենթադրություններ անել` հիշեցնելով նույն գործով ամբաստանյալ, գյուղնախարարությունում բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի ցուցմունքը։
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը
Նշենք, որ Հարությունյանը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցումով։
Նշենք, որ այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 24–ին` ժամը 14.00–ին։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։