ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 7-ին Ռիո դե Ժանեյրոյում 84 տարեկան հասակում մահացել է հեռուստանովելների հայազգի դերասանուհի Արասի Բալաբանյանը: Ինչպես հայտնում է «Globo»–ն, մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է եղել։
Արասին (ծնողները ցանկացել են, որ նրա անունը համահունչ լինի Արաքս գետի անվանմանը) ծնվել է 1940 թվականին Կամպո Գրանդի քաղաքում հայկական ընտանիքում։ Հայրն ու մայրը հեռացել են հայրենիքից՝ հասցնելով խուսափել Ցեղասպանությունից։ Հետո տեղափոխվել են Սան Պաուլու։
Բալաբանյանն ուսանել է դրամատիկական արվեստի դպրոցում, որն ավարտել է 22 տարեկանում՝ դեմ գնալով հորը, որը դստերը ստիպում էր թողնել այդ գործը։
Երիտասարդ դերասանուհու դիպլոմային ներկայացումը «Մակբեթն» էր, որից հետո նա շատ արագ համալրեց խոստումնալից սկսնակ դերասանուհիների առաջին շարքերը: 1964–ին կայացավ նրա հեռուստատեսային դեբյուտը:
Արասի Բալաբանյանին մեծ ճանաչում է բերել 1990 թվականի «Մետաղի ջարդոնների թագուհին» հեռուստանովելը, որում նա մարմնավորել է երեք երեխաների մայր հայ էմիգրանտի, ինչպես նաև «Նոր զոհը» հեռուստասերիալը, որում նա մարմնավորել է Ֆիլոմենա Ֆերետոյին։