Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը։
Միջոցառումը մեկնարկեց շքերթով, որը բացելու պատիվը տրված էր տանտերերին. սպորտային քաղաք Գյումրին մարզական այս միջոցառմանը ներկայանում է 262 մարզիկ-մարզուհիներով։
Ի դեպ, շքերթին ամենամեծ պատվիրակությունը ՌԴ–ից ժամանած մարզիկներն էին՝ ընդհանուր 705, իսկ ամենափոքր կազմով՝ մեկ անձ, Պրահան էր (Չեխիա)։
Հանդիսատեսն առանձնահատուկ ջերմ ծափահարություններով դիմավորեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի թիմին. նրանք իրենց ուժերը կչափեն 6 մարզաձևերում։ Արցախի թիմի ջահակիրը Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Էրիկ Առուսամյանն էր։
Արցախի պատվիրակությունը
© Sputnik / Asatur Yesayants
Խաղերի հանդիսավոր բացման միջոցառումը վարող ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարեց, որ եռամիասնության ջահերից մեկը վառվել է Ստեփանակերտում։
«Այս դժվարին իրավիճակում ողջ հայությունը ձեզ հետ է»,- նշեց Կարեն Գիլոյանը։
Մարզական շքերթը եզրափակեց Երևանի պատվիրակությունը։
Նշենք, որ Համահայկական խաղերի ջահը մինչ Գյումրի տեղափոխվելը օրհնություն է ստացել և վառվել Անիում և Ստեփանակերտում, ապա Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում, իսկ մարզադաշտում խաղերի ջահը վառելու պատիվը տրվել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե (2012), ոսկե (2016) և արծաթե (2020) մեդալակիր Արթուր Ալեքսանյանին։
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը
© Sputnik / Asatur Yesayants
Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
© Sputnik / Asatur Yesayants
Հավելենք, որ արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։ Համահայկական 8–րդ խաղերին մասնակցում են 41 երկրի 179 քաղաքներից Գյումրի ժամանած ավելի քան 7 հազար մարզիկ-մարզուհիներ։