ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իսլամաբադի դատարանը Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին 3 տարվա ազատազրկման է դատապարտել խարդախության մասին գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Dawn տեղական թերթին։
Նշվում է, որ գործը կապված է «Տաշախան» պետական գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի հետ։
Մայիսի 9-ին Իմրան Խանը ձերբակալվել էր Հաշվետու ազգային բյուրոյի (տնտեսական հետախուզություն) աշխատակիցների կողմից:
Մայիսի 10-ին Իսլամաբադի դատարանը Խանին 8 օրով կալանավորեց։ Այնուհետև Պակիստանի Գերագույն դատարանը նրա կալանքն անօրինական ճանաչեց և կարգադրեց անհապաղ ազատ արձակել նախկին վարչապետին։ Մայիսի 12-ին Իսլամաբադի դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց Խանին։
Դատավորների կոլեգիան գրավի դիմաց Խանի ազատ արձակումը սկզբում սահմանեց 2 շաբաթ` մինչև մայիսի 26-ը, այնուհետև մի քանի անգամ այն երկարացրեց։
Հիշեցնենք` 2022 թվականի հոկտեմբերին Պակիստանի ընտրական հանձնաժողովը Իմրան Խանին զրկեց խորհրդարանական մանդատից, ինչպես նաև 5 տարով երկրի դաշնային ու տարածաշրջանային օրենսդրական մարմիններում ընտրվելու և նշանակվելու իրավունքից։
Հանձնաժողովը Խանի նկատմամբ նման որոշում կայացրեց` նրան մեղավոր ճանաչելով «Տաշախանում» (Պակիստանի պետական գանձարան) պահվող 52 թանկարժեք իրերի վաճառքի, ինչպես նաև իր ստացած անձնական իրերի մասին տեղեկությունները թաքցնելու համար։
Ներկայիս վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իմրան Խանը 630 հազար դոլարից ավելի ընդհանուր արժողությամբ պետական գանձերը վաճառել է Դուբայում։