Օգոստոսին սաստիկ շոգեր չեն սպասվում. Սուրենյանը` ամռան կանխատեսումների մասին

Գագիկ Սուրենյան
Գագիկ Սուրենյանը նշում է, որ հանրապետության ամենատաք հատվածներում` Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Երևանում, 38 աստիճանից բարձր ջերմաստիճան այս պահին չի կանխատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ ողջ տարածքում օգոստոս ամսին սաստիկ շոգեր չեն կանախտեսվում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանոււթյան և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը` ներկայացնելով անցած տարվա ամռան ամիսներին գրանցված հիդրոօդերևութաբանական պայմանների համեմատականն այս տարվա նույն ժամանակահատվածի հետ։
«Օգոստոսին սաստիկ շոգեր չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կանխատեսված է կլիմայական նորմայից ընդամենը 1 աստիճան բարձր։ Օգոստոսի 6-8-ը ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա։ Ամեն դեպքում, նույնիսկ հանրապետության ամենատաք հատվածներում` Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում, Երևանում, 38 աստիճանից բարձր ջերմաստիճան այս պահին չի կանխատեսվում։ Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ ընդամենը մի կետում է 40 աստիճան ջերմություն եղել` Արարատ–Ուրցաձոր հատվածում»,– նշեց Սուրենյանը։
Նա ընդգծեց, որ ներկայում սառը օդի ներթափանցում կա, որի արդյունքում երեկվա համեմատ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նվազել է 6-10 աստիճանով։ Արարատյան դաշտում օգոստոսի 3-ին ջերմաստիճանը հասել է մինչև 38 աստիճանի, այսօր էլ սպասվում է, որ ամենաբարձր ջերմաստիճանը և՛ Երեւանում, և՛ Արարատյան դաշտում չի գերազանցի 32 աստիճանը։
Սուրենյանի խոսքով` անցած տարի օգոստոսին շատ չոր էր, հանրապետության շրջաններ կային, որտեղ ընդհանրապես անձրևներ չեն գրանցվել, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 1-2 աստիճանով։ Առանձին օրերին Արարատյան դաշտում գրանցվել է 40-41 աստիճան։
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. եղանակի տեսություն
Անցած տարվա հունիսին և հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը` հունիսին կազմել է նորմայի 40-60 %–ը, իսկ հուլիսին խիստ սակավ է եղել` նորմայի 20-30 %–ը։ Միայն Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում հունիսին եղել է նորմայի 100-150 %–ը։ Սուրենյանը նշեց, որ այս տարվա հունիսին ակտիվ ցիկլոն է եղել, և հանրապետության տարածքը մեծ մասաբ գտնվել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնների ազդեցության գոտում։ Արդյունքում օդի ամսական միջին ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում։ Տեղումների քանակն էլ նորմայից զգալի ավելին է եղել։
Ամենաբարձր ջերմաստիճանը հուլիս ամսին Արարատյան դաշտում հասել է 38-39 աստիճանի, իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում մոտ 4-5 օր օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում տատանվել է 40-41 սահմաններում։