Իմունոլոգ և ալերգոլոգ Սևան Իրիցյանը կարծում է, որ սեզոնային ալերգիկ ռինիտներն ու կոնյուկտիվիտն այս տարի ավելի երկար են դրսևորվում, քանի որ եղանակն անձրևային է, բուսականությունն ավելի երկար է ծաղկում։
Նրա խոսքով` ամենատարածվածը ծաղկափոշով պայմանավորված շնչառական ալերգիաներն են, իսկ Հայաստանում ալերգեն հանդիսացող սիզախոտը շատ տարածված է։ Սակայն ծաղկափոշով պայմանավորված շնչառական ալերգիաները հիմնականում մեծահասակներին են անհանգստացնում, իսկ նորածինների ու երեխաների սննդային ալերգիաները` մաշկային ձևով։
«Ստերեոտիպային մթերքների (նարինջ, շոկոլադ, ելակ) ճնշող մեծամասնությունը ատոպիկ դերմատիտ կամ դիաթեզի հետ կապ չունի։ Ալերգիայի աղբյուր կարող են լինել կաթը, ձուն, ցորենը, սոյան։ Սակայն աճի շրջանում առանց հիմնավորման երեխային զրկել այս կամ այն մթերքից ավելի շատ վնասում է նրան», - ասում է բժիշկը։
Իրիցյանը կարծում է, որ աղի քարանձավներ և սոճուտներ այցելելը կարող է փոքրիկ փախուստ լինել ալերգիայից, բայց դրանից ձերբազատվելու հարցում դժվար թե օգնի։ Ավելին` բույսերի ծաղկման շրջանում անտառային զբոսանքները կարող են անգամ սրել ծաղկափոշով պայմանավորված ալերգիաները։ Իսկ ինչ վերաբերում է արևի ալերգիային, ապա մասնագետը պնդում է, որ դա հազվադեպ է հանդիպում, և հաճախ մարդիկ այն շփոթում են զանազան այլ երևույթների հետ։
Նա նշեց, որ նախկինում Հայաստանում տղամարդկանց շրջանում կար տարածված ալերգիայի տարատեսակ մեղվի խայթոցից, որը համացանցում «հայկական ալերգիա» են կոչում։ Ըստ մասնագետի` կա ենթադրություն, որ այս տարատեսակի տարածվածությունը շատ էր, քանի որ հնարավոր էր այս հիմնավորմամբ ազատվել բանակից։
«Սակայն երկար տարիներ ղեկավարելով համապատասխան լաբորատորիան` չեմ նկատել, որ Հայաստանում թվերը էապես տարբերվեն միջազգային թվերից»,– ասաց ալերգոլոգը։
Իրիցյանը նաև մեկնաբանեց համացանցում տարածված այն պնդումները, թե ալերգիա կարող է լինել նաև մարդուց։ Ըստ նրա` մարդու հոտը և ձայնը, անգամ տեսքը կարող են այնքան ուժեղ սթրես առաջացնել, որ ցան առաջանա, սակայն դա չի կարելի ալերգիա անվանել։
Նա նաև խոսել է գլյուտենի և լակտոզայի յուրացման անտանելության, շաքարից և սերմնահեղուկից ալերգիայի, մի քանի երկրներում անցկացված հետազոտությունների, ալերգիայի և օնկոլոգիական հիվանդությունների կապի մասին, ինչպես նաև պատմել խորովածի հանդեպ ալերգիայի մասին։
Մանրամասները` տեսանյութում։