«Արցախկաթը» փակման եզրին է. վառելիքի պակասն ազդել է նաև կաթնամթերքի շուկայի վրա

Արցախում նաև տարաների սղության խնդիր կա, այդ պատճառով ընկերությունը նաև տարաների ընդունում է կազմակերպում։
Sputnik
Արցախի Հանրապետության շրջափակումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև կաթնամթերքի շուկայում: Տեղեկությունը հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
Կաթ արտադրող ընկերություններն ահազանգում են, որ հումքի և նյութերի պակաս ունեն: «Արցախկաթ» ընկերությունն էլ փակման եզրին է, 80%–ով նվազել է արտադրական հնարավորությունը։

«Չենք կարողանում ապահովել ներմուծվող ապրանքները, որոնք անհրաժեշտ են արտադրության համար։ Վառելիքի բացակայության պատճառով չենք կարողանում կաթն արտադրամաս տեղափոխել, արտադրանքն էլ խանութներ հասցնել»,– ասել է ընկերության գլխավոր տեխնոլոգ Արմինե Մելքումյանը:

Օգոստոսի 1-ից կաթնամթերքը կիրացնեն միայն տեղում՝ ֆիրմային խանութում, հերթերն էլ կանոնակարգելու նպատակով հերթագրման կտրոններ կտրվեն արցախցիներին: Իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է` ընկերությունը ամբողջությամբ դադարեցնի գործունեությունը:
Ադրբեջանական նմանատիպ գործողությունների պատճառով նաև տարաների սղություն կա, այդ պատճառով էլ ընկերությունը տեղում տարաների ընդունում է կազմակերպում։ 0.5 լ տարան քաղաքացիներից վերցնում են 60 դրամով, իսկ 1 լ տարան` 90 դրամով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։