Չարենցավանի խանութներից մեկից ոսկյա զարդեր գողացած 37-ամյա կինը ձերբակալվել է

Կինը Բալահովիտ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին:
Sputnik
Երևանում հաշվառված և Բալահովիտ գյուղում բնակվող 37–ամյա մի կին Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցի խանութ-սրահից ոսկյա զարդեր է գողացել, որից հետո ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ հուլիսի 25-ին անծանոթ մի կին, օգտվելով իր անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ոսկյա վզնոց, ոսկյա խաչ, ոսկյա թևնոց՝ պատճառելով 340 000 դրամի գույքային վնաս:
Գողություն կատարած կինը Բալահովիտ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա խոստովանել է, որ ոսկյա զարդերն ինքն է գողացել։
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են 37-ամյա կնոջ կողմից կատարված այլ գողություններ ևս: Պարզվել է, որ հուլիսի 25-ին նա Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի մի խանութից ևս հափշտակություն է արել: Խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ անծանոթ կինը, վստահությունը չարաշահելու եղանակով, վերցրել է օծանելիքներ և կանացի հիգենայի պարագաներ, սակայն գումարը չվճարելով՝ հեռացել է:
Ձերբակալված 37-ամյա կինը խոստովանել է նաև այս արարքը:
Բացի այդ, մարտի 10-ին ոստիկանության Հրազդանի բաժնում խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակության մասին հաղորդում է ստացվել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողները պարզել են, որ հիշյալ խարդախությունը ևս կատարել է ձերբակալված 37-ամյա կինը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։
Քրեական վարույթը շարունակվում է: