ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշենում հայտնաբերված, այնուհետ հիվանդանոցում մահացած նորածնի ծնողին մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Երեկ հայտնի դարձավ, որ Ներքին Գետաշեն բնակավայրի տներից մեկի մոտ պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված, ավելի ուշ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած նորածին երեխայի կենսաբանական մայրը հայտնաբերվել էր։
Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննվող վարույթի շրջանակներում նշված կնոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան այսօր ներկայացվել է մեղադրանք` երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը առաջացրել է երեխայի մահ հոդվածով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, հուլիսի 22–ին նորածին երեխա է հայտնաբերվել դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ։ Ոստիկաններն անմիջապես ահազանգել են Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել հիվանդանոց։ Ըստ տեղեկությունների` երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան։
Նույն օրը երեկոյան երեխան, որ ժամկետից շուտ էր ծնվել և կշռում էր 1 կգ 900 գրամ, րևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել էր։