ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում այսօր վրաերթի ենթարկված պարեկը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն շտապօգնության մեքենայով, այնտեղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Վնասվածքներ և կոտրվածքներ չեն հայտնաբերվել»,–ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել էին Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը։
Ակցիայի ժամանակ փողոցը հատել ցանկացող մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել պարեկներից մեկին։
Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է: