ՌԴ–ն մտահոգված է Արցախի հումանիտար ճգնաժամով. Սելյեզնովը` Շարմազանովին

Էդուարդ Շարմազանովը ՌԴ դեսպանատան մոտ
ՀՀԿ անդամները Սերժ Սարգսյանի` Վլադիմիր Պուտինին գրած բաց նամակը հանձնեցին դեսպանատուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՌԴ–ն մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման ու առհասարակ Արցախում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամով։ Այս մասին ՀՀԿ–ական, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ասել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Մաքսիմ Սելյեզնովը։
Շարմազանովը եկել էր ՌԴ դեսպանատուն Սերժ Սարգսյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրած բաց նամակը հանձնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա խնդրել էր գերտերությունների ղեկավարներին կանգնեցնել հումանիտար աղետը Արցախում։
«Սելյեզնովը նշեց, որ այդ խնդիրը նրանց ուշադրության կենտրոնում է։ Վաղը տեղի է ունենալու ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը Մոսկվայում, և դեսպանատան ներկայացուցիչը վստահեցրեց, որ իրենց գերատեսչության ներկայացուցիչն այդ հարցը բարձրացնելու է»,– ՌԴ դեսպանատնից դուրս գալուց հետո հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
Նա ասաց, որ ՀՀԿ–ն վաղուց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից որևէ հույս չունի, քանի որ նա վաղուց է Արցախը հանձնել Ադրբեջանին։
Հանրապետականները կարծում են, որ ՌԴ–ն, որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ունի պարտավորություն այս հարցում։
ՀՀԿ–ականները Սերժ Սարգսյանի նամակը հանձնեցին ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին