ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից պահանջում է գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը։ 2023 թ հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպմանն ընդառաջ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանին, Սերգեյ Լավրովին և Ջեյհուն Բայրամովին: Հայտարարության տեքստը ԱՀ նախագահը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 25 - ին կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
«Պահանջում եմ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ առնվազն եռակողմ հայտարարությամբ դրա կողմերի ստանձնած պարտավորությունների շրջանակում: Մեր ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները»,– մասնավորապես հայտարարել է նա:
Եթե ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին 2020 թ եռակողմ հայտարարության կողմերն անհապաղ չկարգավորեն, ապա, ըստ Արցախի նախագահի, վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասը կընկնի հենց նրանց վրա։
«Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»,– կոչ է արել նա:
Նա կրկին ահազանգել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության 225-օրյա շրջափակման, այդ թվում՝ 40-օրյա լիակատար պաշարման և դրա հետևանքով Արցախում սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետի անհապաղ վերացման անհրաժեշտության մասին:
Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։