Մինչև սովետական կարգերի հաստատվելը Ալեքսանդրապոլ (Գյումրի) քաղաքում 31 տնայնագործական ձեռնարկություն կար (օճառի, կաշվի, գարեջրի, աղյուսի, կրի, բրուտագործական, ձիթհան, ալրաղաց և այլն)։ Ավելի ուշ հիմնվել է ջուլհականոց, սպիրտ արտադրող 3 ձեռնարկություն, չուգունի ձուլարան և մեխանիկական գործարան։ Սակայն 19-րդ դարի վերջերին ու 20-րդ դարի սկզբներին գործող ու մինչ օրս պահպանված շինությունները երկուսն են:
«Մեխանիկականն ու Տայոնց տոմետի գործարանն են միայն պահպանվել մինչ այսօր։ Մյուսներից՝ Ձիթողցյանների գարեջրի, ձեթ-օճառի, կաշվի, Քյանդարյանի և Իսակովի միասնական կրի-աղյուսի գործարաններից անգամ հետքեր այլևս չկան, միայն տեղեկություններն են մնացել»,- Sputnik Արմենիային պատմեց «Կումայրի» արգելոց-թանգարանի երկարամյա աշխատակից Պարույր Զաքարյանը։
Տայոնց տոմետ աղյուսի գաղտնիքը
Գյումրու Օզանյան ու Սահմանապահների փողոցի խաչմերուկում` խոտածածկ տարածքում, հազիվ նշմարվում է ժամանակաշրջանին բնորոշ կամիր ու սև քարով կառուցված կիսավեր շինություն՝ տարբերվող եռանկյունաձև պատուհաններով։ Կանգուն է մնացել գործարանի միայն մեկ պատը։ Հարևանությամբ ապրող մարդիկ պատմում են, որ սովետի ժամանակ այստեղ մահճակալ և դանակ- պատառաքաղ էին արտադրում։ «Ես գիտեմ, որ «կուխնու պրիբոռ» (խոհանոցային իրեր) կարտադրեին։ Ռուսաստանից նեռժից լիստերը կբերեին ու գդալ, դանակ կսարքեին։ Հմի ոչ մի բան չի հիշեցնե էդ ժամանակների մասին»,-ասում է գործարանին կից ապրող գյումրեցին, ով չցանկացավ ներկայանալ։
Տայոնց գործարանից մնացած պատը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գործարանը մահճակալ ու դանակ-պատառաքաղ սկսել է արտադրել խորհրդային տարիներին, իսկ մինչ այդ դաջազարդ աղյուս (տոմետ) են արտադրել։ Հին գյումրեցիները «Տայոնց գործարան» էին ասում, որովհետև գործարանի տնօրենը Արտաշես Տայանցն էր` այստեղից էլ անվանումը։
Պատմում են, որ Տայոնց Արտաշ աղան տոմետի (դաջազարդ աղյուս) գաղտնիքը այդպես էլ ոչ մեկին չի հայտնել: Դաջազարդ աղյուսի կարելի է հանդիպել նույնիսկ այսօր՝ քաղաքի հին տների հատակներին։ «Տոմետը նոր բան էր շինարարության մեջ՝ պահանջված, որակով»,-ասում է Պարույր Զաքարյանը` հավելելով, որ ըստ մեզ հասած լուրերի՝ Տայոնց Արտաշը երաժշտական կամերտոնոմով էր որոշում տոմետի որակը։
Այդ գործարանն ունեցել է իր գրասենյակը, նաև իրավունք` պատվերների ընդունման հայտարարություն տալու Ախուրյան թերթում։
Մեխանիկական գործարանի սովետի շունչը
Տայոնց գործարանի հենց դիմաց մեխանիկական գործարանն է, որը, ի տարբերություն նախորդի, ոչ միայն ավելի լավ է պահպանված, այլև մասամբ աշխատում է։ Այն հիմնադրվել է 1912 թվականին, որպես գյուղատնտեսական տեխնիկա արտադրող գործարան։ «Խոտհավաք մեքենաներ, գյուղատնտեսության համար այլ անհրաժեշտ իրեր են սարքել։ Այդ գյուղատնտեսական մեքենաները նույնիսկ միջազգային մրցույթում են մրցանակ շահել»,-պատմում է Զաքարյանը։ Խորհրդային տարիներին գործարանն ավելի է ընդլայնվել, ավելացել են նոր մասնաշենքեր, աշխատակիցների համար նույնիսկ ակումբ է կառուցվել՝ ֆիլմ ցուցադրելու հնարավորությամբ։
Մեխանիկական գործարանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ըստ որոշ տեղեկությունների` տարածաշրջանի առաջին մանուֆակտուրան է եղել, որը խորհրդային ժամանակահատվածում գործել է որպես լիակատար հաստոցաշինական գործարան: Ալեքսանդրապոլում հիմնադրված գործարանում խորհրդային շունչը պահպանվել է մինչև մեր օրերը՝ Լենինի նկարով ու սովետական մեծ պաստառներով։
Մեխանիկական գործարանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Հաստոցները, պլակատները`ամբողջը սովետական ժամանակաշրջանի են։ Միգուցե հաստոցների մի մասը ավելի հին են, չեմ կարող ասել, բայց հիմնական մասը խորհրդային տարիներից են մնացել, իսկ այդ ժամանակ 25 տոննա քաշով պրեսներ են արտադրել»,-ասում է գործարանի աշխատակից Մարտուն Հովակիմյանը՝ ցույց տալով Գերմանիայից ներմուծված 1946 թվականի հաստոցը։
Մարտուն Հովակիմյանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ավելի ուշ, թեև քաղաքի այլ տարածքում բացվում է գործարանի նոր մասնաշենք՝ դառնալով գլխավոր գործարան և ունենալով մոտ չորս հարյուր աշխատակից, այս հատվածը մնում է ու շարունակում է գործել՝ 150-200 աշխատակիցներով։ «Ունեցել ենք նաև պատվերներ, որոնք արտահանվել են մինչև Ճապոնիա»,- ասում է Մարտուն Հովակիմյանը։
Մեխանիկական գործարանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ավետիսյանների ընտանիքի (գործարանը սեփականաշնորհել են և տնօրինում են մինչ այսօր) ջանքերով գործարանը պահպանվեց, և այժմ արդիականացման աշխատանքներ են ընթանում: Գործարանի որոշ հատվածներ վարձակալությամբ է տրված, իսկ մյուս մասը պատվերների դեպքում աշխատում է՝ արտադրելով մետաղական, խառատային ու ֆրեզային դետալներ։