Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում մեկնարկել է ի պաշտպանություն Արցախի բողոքի ակցիան:
Այստեղ են հավաքվել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցիներ, Հայաստանի բնակիչներ, հասարակական–քաղաքական գործիչներ:
Ի աջակցություն Արցախի հրավիրված հանրահավաքում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, կոչ անելով միջազգային կառույցներին, հայտարարեց՝ պահանջում ենք, որ պատժեն Ադրբեջանի նախագահին, պաշտպանության նախարարին, արտգործնախարարին:
«Այստեղ գտնվում են նրանք, որոնք սիրտ ունեն, խելք ունեն, հոգի ունեն, ովքեր հասկանում են, որ չկա առանձին Արցախի հարց, չկա առանձին Հայաստանի հարց։ Խոսքը հայության գոյատևման, զարգացման, և հեռու մեզանից, նսեմացման մասին է»,– հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը։
Ելույթ ունեցավ նաև հայտնի արցախցի ռեպեր Լյոկան` Կոլյա Շահգելդյանը։
«Հազարավոր տղերք իրենց կյանքը զոհեցին, որ Արցախում ապրող մանուկները խաղաղ ու երջանիկ ապրեն։ Այսօր Արցախում ապրող մանուկը ոչ միայն խաղաղ ու երջանիկ չէ, այլև սոված է քնում, անգամ՝ մահանում սովից։ Մի՞թե ճանապարհը բացելու իմ պահանջն ավելի շատ քաղաքական բնույթ կարող է ունենալ, քան մարդկային»,- հայտարարեց նա։
Ակցիայի մասնակիցների ձեռքերին պաստառներ են, որոնց վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն գրված է` «Մենք Արցախն ենք», «Բացեք կյանքի ճանապարհը» և այլն։