ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. ՀՀ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրով առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 87 տոկոս: Այս մասին նշվել է այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստի ժամանակ:
Զեկուցելով կատարված աշխատանքները՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձել է դատական համակարգում բարեփոխումների ընդլայնմանը, բոլոր ատյաններում դատավոր նշանակվողների բարեվարքության ստուգման գործիքի ներդրմանը, մշակված օրենսդրական փաթեթներին, դատարանների շենքային պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներին:
«Նիստի ընթացքում մանրամասներ են ներկայացվել էլեկտրոնային արդարադատության ejustice.am հարթակի, էլեկտրոնային դատարան e-court հարթակի միջոցով ծառայությունների մատուցման, e-draft հարթակի արդիականացման, էլեկտրոնային հաշտարարի համակարգի աշխատանքների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Տեղեկացվել է, որ մայիսին հիմնվել է Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը, ստեղծվել է միջազգային մասնագետներից կազմված խորհրդատվական հանձնաժողով:
Անդրադարձ է կատարվել ընտրական բարեփոխումների, անցումային արդարադատության, Քաղաքացիական օրենսդրության բարեփոխումներին, Վարչական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին:
Վարչապետը կարևորել է իրականացված աշխատանքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը և ընդգծել դատաիրավական ոլորտում բովանդակային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ միտված որակյալ արդարադատության ապահովմանը:
ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստ