ՀՀ արդարադատության նախարարի ծնողներին հրավիրել են գլխավոր դատախազություն

Արա Մինասյանը 2018 թվականից հետախուզման մեջ է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կինը՝ Արմինե Հասրաթյանը, հուլիսի 25-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքից։
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքում նրանց անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։
Հիշեցնենք, որ Արա Մինասյանը դեռևս 2018 թվականից երեք դրվագով ներգրավված է որպես մեղադրյալ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու գործով, իսկ 2022թ. դեկտեմբերին քննչական կոմիտեի կողմից հարուցված նոր քրեական հետապնդմամբ՝ նա մեղադրվում է 2014-2018թթ-ի ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով 416 մլն դրամը հափշտակելու մեջ։
Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 2018 թվականից Մինասյանը հետախուզման մեջ է:
Նշենք, որ Արա Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը։
Նրա մյուս որդին` Գրիգոր Մինասյանը, ներկայում զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։