ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հացահատիկային գործարքի շուրջ պայմանավորվածությունները փաստացի դադարեցվել են, այն չի գործում։ Ռուսական կողմն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանն այն բանից հետո, երբ պայմանների՝ իրեն վերաբերող մասը կատարվի։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հացահատիկի գործարքի ժամկետը լրանում է այսօր՝ հուլիսի 17-ին:
«Փաստորեն Սևծովյան պայմանավորվածություններն այսօր դադարեցին գործել։ Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահը, ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Ցավոք, Ռուսաստանին վերաբերող սևծովյան պայմանավորվածությունների մի մասը մինչ օրս չի կատարվել։ Այդ պատճառով դրա գործողությունը դադարում է», - ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ երբ պայմանավորվածությունների ռուսական մասը կատարվի, Ռուսաստանը «անմիջապես կվերադառնա այդ գործարքի իրականացմանը»:
Սևծովյան հացահատիկային նախաձեռնության շուրջ բանակցություններին մասնակցող աղբյուրը հայտնել է ՌԻԱ Նովոստիին, որ Անկարան ակնկալում է քննարկել հացահատիկի գործարքը և կարիքավոր երկրներին ռուսական պարենի մատակարարմանն աջակցելու թեման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա սպասվող այցի ընթացքում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՀ-ի իր գործընկեր Սիրիլ Ռամաֆոսայի հետ զրույցում հայտարարել էր, որ ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները վերացնելու պարտավորությունները չեն կատարվել:
Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս է կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, նախատեսում է Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում է «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: