ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը`վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 14։00-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Գագարինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 20 մետր պտտվելով, շրջվել և հայտնվել դաշտում։
Կայքի տեղեկություններով` մեքենայում եղել են հայր ու որդի։ Վթարի հետևանքով որդին տեղում մահացել է, հայրը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։
Մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից կոպիտ խախտում կատարելն ու «Opel Zafira»-ի համար վթարային իրավիճակ ստեղծելը, որից հետո այդ մեքենան փախել է դեպքի վայրից։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ ով է եղել մյուս վարորդը։