ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը պատրաստ է մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Զեյհուն Բայրամովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այս պահին Բրյուսելում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։
«ԱԳ նախարարների հանդիպման նպատակը կլինի բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիների քննարկումը` ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը Մոսկվայում՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման համար»,– ասված է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։