Հատիս լեռան գագաթին պեղվող Շամիրամի բերդը զարմացրել է մասնագետներին։ Երբ Հատիսի գագաթին պեղումները նոր էին սկսվում, շատերը չէին էլ պատկերացնում, թե ինչքան հետաքրքիր ու բազմազան հնագիտական նյութ են դուրս բերելու հողի հաստ շերտից։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի հայազգի ղեկավար Արթուր Պետրոսյանը (արշավախմբի իտալացի ղեկավար` Ռոբերտո Դան) Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` հույս չուներ, թե այս բարձրության վրա կարող էին հնագիտական մեծ քանակի նյութ գտնել։
Արթուր Պետրոսյան
© Sputnik / Aram Nersesyan
«Ինչպես հիմա ենք գալիս կարճ ժամանակով հանգստանալու համար, մտածում էի` հին ժամանակներում էլ պիտի այդպես լիներ, նման բարձրության վրա չէինք սպասում այսքան բան գտնել։ Բացված հնագիտական նյութը ցույց է տալիս, որ ամրոցը շատ ինտենսիվ օգտագործվել է ուշ բրոնզի, վաղ երկաթե դարից, ապա անտիկ ժամանակաշրջանի ու միջնադարի հետ գործ ունենք։ Այսինքն` ամրոցը տարբեր ժամանակներում փոփոխվել, շահագործվել է, թե մինչև երբ, պեղումների արդյունքից ելնելով կարող ենք ասել»,– նշեց Պետրոսյանն ու հավելեց` ամրոցը բացառիկ է հենց նրանով, որ մարդիկ ապրել են 2528 մետր բարձրության վրա։
Հատիս լեռան գագաթին պեղվող Շամիրամի բերդի տարածքը թռչնի թռիչքի բարձրությունից
© Sputnik / Aram Nersesyan
Թեպետ պեղումները դեռ մոտ 6 շաբաթ են ընթանում, բայց արդեն պատկերացում կա կառուցվածքի մասին։ Այն բավականին լավ պաշտպանված է եղել արևմտյան կողմից` երկու պարիսպներ են եղել, որոնց միջև եղել է բնակելի հատված։ Եվս մեկ բնակելի հատված էլ արևմտյան երկրորդ պարսպին կից է եղել։ Արդեն 10-ից ավելի սենյակներ են բացվել, որոնցից գտնվել են խեցեղեն, ածուխ, օբսիդիանից հնագույն գործիքներ, այդ թվում` նետասլաքներ, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ, գլանաձև կնիք, որը ևս անտիկ փուլով է թվագրվում։
Իտալացի մասնագետի հետևում երևում է բացված սենյակներից մեկը
© Sputnik / Aram Nersesyan
Ի դեպ, մեր նկարահանումների ժամանակ օբսիդիանից հերթական նետասլաքը և խեցանոթներ հայտնաբերվեցին։
Ամրոցի արևելյան կողմում միայն մեկ պարիսպ է և նաև լավ պահպանված աշտարակ։ Արթուր Պետրոսյանի խոսքով` այս ամրոցը պետք է դիտարկել նաև տարածքի ընդհանուր ամրոցաշինական համակարգում, շրջակա լեռների գագաթներին բազմաթիվ նման ամրոցներ կան` Աստղաբերդ, Ոլորաբերդ, Տիգրանաբերդ, Թղիթի բերդ, Սևաբերդ...
Արթուր Պետրոսյանը Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանին ցույց է տալիս աշտարակի տեղը
© Sputnik / Aram Nersesyan
«Այստեղ ամրոց կառուցելիս շինանյութի կարիք չեն ունեցել, արդեն եղել է հրաբխային այս բազալտը, չոր շար են արել` առանց շաղախի»,– ասաց հնագետը։
Նա նաև մեկ այլ հետաքրքիր հանգամանք մատնանշեց. Հատիսի գագաթի ամրոցը հայտնի է որպես Շամիրամի բերդ, դեմ հանդիման էլ Արայի լեռն է, իսկ այս ամբողջ շրջակայքում բանահյուսական բազմաթիվ պատմություններ կան, որոնց բոլորի կենտրոնում էլ Արա Գեղեցիկն ու Շամիրամն են։
Ի դեպ, ամրոցի կենտրոնական տարածքը հենց այն հատվածն է, որ դեռ նախորդ տարի հարթեցվեց Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման համար։ Արշավախմբի ղեկավարը նշում է` բարեբախտաբար, ամրոցին վնաս չի հասցվել, որովհետև այդ հատվածում կառույց չի եղել։
Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջև հուշագիր է կնքվել Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի վերականգնման աշխատանքների վերաբերյալ։ Համաձայն հուշագրի` նաև պետք է հետագա հնագիտական ուսումնասիրություն, ամրակայման և վերականգնման աշխատանքներ իրականացվեն։
Այդպես արդեն հունիսին այս տարածքում մեկնարկեցին պեղումները։ Արթուր Պետրոսյանն ասում է` այնպես չէ, թե մասնագետները նախկինում չգիտեին Հատիսի գագաթին հնագույն ամրոցի գոյության մասին։
«Շատերն ասում են` ինչո՞ւ հիմա հիշեցիք։ 2019 թվականին մենք վերահայտնաբերեցինք։ Այսինքն` մենք այն չենք գտել, վերարժևորել ենք։ Կոտայքի շրջանում հայ–իտալական նախագիծ էինք անում, 200-ից ավելի հուշարձան ենք ֆիքսել, այդ թվում` սա։ Ամրոցի մասին արխիվում տեղեկություններ փնտրեցինք, պարզվեց` դեռ 1935 թվականին հնագետ Աշխարհբեկ Քալանթարն այստեղ ուսանողներ է բերել»,– նշեց Պետրոսյանը։
Ամրոցի վերահայտնաբերումից հետո իրենք համապատասխան կարգով տվյալներ են փոխանցել նախարարությանը, ապա նաև հոդված հրապարակել։ Ամրոցը հուշարձանների ցանկում գրանցելը կամ պահպանությամբ զբաղվելն իրենց պատասխանատվության գոտում չէ։ Եթե Քրիստոսի արձանի համար տեղ հատկացնելիս իրենց` հնագետներին որևէ մեկը չէր դիմել, կարծիք չէր հարցրել, չէին կարող նախօրոք իմանալ մտադրությունների մասին ու քայլեր ձեռնարկել։
Հիմա մասնագետներն առաջարկել են արձանի տեղադրման համար դիտարկել ամրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող բլրանման տարածքը, որտեղ, վստահ են, հնագիտական որևէ շերտ չկա։
Այն տարածքը, որտեղ տեղադրվելու է Քիստոսի արձանը
© Sputnik / Aram Nersesyan
Աջ կողմում պեղվող տարածքն է, ձախում` այն վայրը, որտեղ տեղադրվելու է Հիսուսի արձանը
© Sputnik / Aram Nersesyan
Հատիսի գագաթին պեղումները շարունակվելու են մինչև այս տարվա օգոստոսի վերջ։
Նախատեսվում է նաև հետախուզական աշխատանքներ իրականացվել։ Մասնագետները փորձելու են Հատիսի շուրջն ու լանջերին եղած բոլոր հուշարձանները նույնականացնել, քարտեզագրել և փոխանցել նախարարությանը։