Երեխաների մահվան անմիջական պատասխանատուն Բաքուն է. Մարուքյանը պատասխանել է Ալիևի օգնականին

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը պատանդ է պահում 120 հազար էթնիկ հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անամոթ ստեր է տարածում։ Այս հայտարարությունն արել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Երեկ Հաջիևը պարող մարդկանց տեսագրություն է հրապարակել իր միկրոբլոգում և նշել, թե իբր սուտ են հայկական կողմի պնդումներն այն մասին, թե տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամ է։
«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ ու փորձելով ծածկել իր պետության, իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը»,– գրել է Մարուքյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պատանդ է պահում 120 հազար էթնիկ հայերի, այդ թվում՝ 30 հազար երեխաների՝ կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով նրանց։
«Սա այն է, ինչ Հաջիևը փորձում է թաքցնել իր կեղծ հայտարարության հետևում։ ԼՂ բնակիչ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով: Այս հանցագործության անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է»,– եզրափակել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների` երեխաների մայրը` Վերա Նարիմանյանը, փոքրիկներին տանն է թողել, ինքն էլ Մարտակերտ է գնացել որպես օգնություն տրվող ձեթի և շաքարավազի հետևից։ Մոր բացակայության ժամանակ երեխաները տնից դուրս են եկել` թերևս նրան փնտրելու, ժամեր անց փոքրիկների անշնչացած մարմինները մեքենայի մեջ են հայտնաբերել։ Ենթադրվում է, որ երեխաները հոգնել են, պատահական մեքենա գտել, մեջը մտել հանգստանալու համար։ Նախնական տվյալներով` շոգից շնչահեղձ են եղել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։