ՀՀ երկու մարզում ավիացիոն քիմիական պայքար կիրականացվի ծղրիդների դեմ. նախարարություն

Ծղրիդ
Պետական գերատեսչությունից զբոսաշրջիկներին և գյուղատնտեսներին խորհուրդ է տրվում 3 օր այդ տարածքներում քիչ գտնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի և Ծաղկեվանքի հարակից տարածքներում ու ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածքում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 1350 հա) հուլիսի 14-16-ը կիրականացվեն ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարությունից խորհուրդ են տալիս նշված տարածքներից մեղվափեթակները տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում հավաքել սնկեր, բույսեր, հատապտուղներ և հարակից արոտավայրերում արածեցնել գյուղատնտեսական կենդանիներ։
Բացի այդ, նաև զբոսաշրջիկներին է խորհուրդ տրվում զերծ մնալ այդ օրերին Արա լեռան ստորոտում գտնվող Ծաղկեվանք եկեղեցու տարածք այցելությունից։
Նշենք, որ ՀՀ կառավարությունն այսօր որոշել է այս երկու մարզում ծղրիդների լայն տարածման դեմ պայքարի և վնասատուների կողմից գյուղատնտեսական նշանակության հողերին հասցվող վնասի կանխարգելմանն ուղղված աշխատանքների համար պատկան կառույցներին շուրջ 13 մլն դրամ հատկացնել։ Վնասատումների տարածման մասին ահազանգը ստացվել է դեռ հունիսի 2-ին, ահազանգից մինչև գումար հատկացնելը 40 օր է տևել։