Մահացել է գրող Միլան Կունդերան` «Կեցության անտանելի թեթևությունը» վեպի հեղինակը

Կունդերան գրել է ինչպես մայրենի չեխերենով, այնպես էլ ֆրանսերեն։ Նա համարվում է 20-րդ դարի ականավոր գրողներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Մահացել է չեխական ծագում ունեցող ֆրանսիացի գրող Միլան Կունդերան։ Նա 94 տարեկան էր։ Գրողի մահվան մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները։
Գրողի ամենահայտնի ստեղծագործությունը «Կեցության անտանելի թեթևությունը» վեպն է, որը նա գրել է 1984 թվականին` Պրահայում 1968 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Վեպն էկրանավորվել է 1988 թվականին։
Միլան Կունդերան ծնվել է 1929 թվականին Բռնոյում։ Առաջին գիրքը հրատարակել է 1953 թվականին։ 1971 թվականին լույս է տեսել «Հրաժեշտի վալս» վեպը, որը թարգմանվել է մի շարք լեզուներով։
ԱՄՆ–ում մահացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը
1975 թվականին Կունդերան Չեխոսլովակիայից Ֆրանսիա է մեկնել։ Գրել է ինչպես չեխերեն, այնպես էլ ֆրանսերեն, սակայն վերջին տասնամյակներում` միայն ֆրանսերենով, և նույնիսկ արգելում էր թարգմանել իր ստեղծագործությունները չեխերեն։ Վերջին տարիներին, սակայն, արգելքը նա չեղարկեց։