ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Լեհաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Ռուսաստանի օգտին լրտեսած հերթական անձին են ձերբակալել, այս անգամ` Ուկրաինայի քաղաքացու։
Լեհաստանի իշխանությունները պարբերաբար հայտնում են «ռուսական լրտեսների» բացահայտելու մասին։ Հունիսի վերջին ձերբակալվել էր հոկեյիստ Մաքսիմ Սերգեևը, որը հանդես էր գալիս Լեհաստանի առաջին լիգայում։
«Ներքին անվտանգության գործակալությունը ձերբակալել է լրտեսական ցանցի ևս մեկ անդամի, որն աշխատել է ռուսական հետախուզության համար։ Կասկածյալը հետևել է ռազմական օբյեկտներին և ծովային նավահանգիստներին», – Twitter–ի իր էջում գրել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին։
Ներքին գործերի նախարարի խոսքով` սա արդեն 15-րդ մարդն է, որ ձերբակալվում է Լեհաստանում ռուսական լրտեսական ցանցի գործունեության հետաքննության շրջանակում։
Դատախազը ձերբակալվածին մեղադրանք է առաջադրել կազմակերպված հանցավոր խմբին առնչություն ունենալու և Լեհաստանի Հանրապետության շահերի դեմ օտարերկրյա հետախուզության օգտին գործունեություն ծավալելու հոդվածներով։ Մամուլի ծառայությունից հայտնել են, որ կասկածյալները, որոնք նույնականացվել են որպես արևելյան սահմանից եկած օտարերկրացիներ, ոչ միայն հետախուզական, այլև քարոզչական միջոցառումներ են իրականացրել։