ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Kempinski» միջազգային հյուրանոցային ապրանքանիշը Երևանի կենտրոնում բնակելի համալիր կբացի 2025 թվականի սկզբին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց տեղական կառուցապատող «Renshin» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։
Լիցենզիոն պայմանագրի համաձայն`«Renshin»-ը շինարարությունը կիրականացնի միջազգային ապրանքանիշի չափանիշներին համապատասխան և նրա ներկայացուցիչների հսկողության ներքո, իսկ բացումից հետո «Kempinski»-ն կկառավարի համալիրը, որը կներառի ոչ միայն շենքեր, այլև ռեստորաններ և այլ օբյեկտներ:
Համաշխարհային ապրանքանիշների ներքո շատ հյուրանոցներ են բացվում, սակայն բրենդավորված բնակելի համալիրը նոր երևույթ է տարածաշրջանի համար։ Կասպարովի խոսքով՝ Հայաստանում նման բան չկան, ԱՊՀ-ում ընդամենը մեկ այդպիսի բնակելի համալիր կա։
Ըստ նրա` բնակելի համալիրում հասանելի կլինեն նաև հյուրանոցներին բնորոշ ծառայությունները (սնունդ, մաքրություն և այլն), իսկ շենքերը կհանձնվեն պատրաստի, ոչ թե «զրոյական» վիճակում:
«Փորձել ենք հնարավորինս հայկական նյութեր և սարքավորումներ գնել, բայց անշարժ գույքի յուրաքանչյուր դաս իր չափանիշներն ունի, և Հայաստանում, ցավոք, դրանց համապատասխանող սարքեր և նյութեր չկան։ Այդ պատճառով նախագիծը, սարքավորումներն ու նյութերը հիմնականում պատվիրել ենք Եվրոպայից»,- հավելեց Կասպարովը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նոր համալիրի կառուցումը կապված է ռուսաստանցիների ներհոսքի հետ, որոնց մի մասը գնողունակ է, «Kempinski» կորպորացիայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆ Պիֆարետին նշեց. «Իհարկե, դա գործոններից մեկն է։ Օրինակ` Դուբայի մեր նոր համալիրում, որը վերջերս ենք բացել, շատ գնորդներ կան Ռուսաստանից և Ուկրաինայից։ Բայց Հայաստան մտնելու մեր որոշումը միայն դրա վրա չէր հիմնված։ Սա լավ շուկա է՝ հյուրանոցային գործի լավ և ընդունակ մասնագետներով»:
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ 285 բնակարաններից բաղկացած նոր համալիրում կաշխատի 100 մարդ, որոնք արդեն վերապատրաստում են անցնում կորպորացիայի չափանիշներին համապատասխան: